Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր առաջին այցը կկատարի Հայաստան
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր առաջին այցը կկատարի Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով:
- Միացյալ Թագավորության (ՄԹ) նախարարը բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ
- Եվրոպայի հարցերով նախարարը կվերահաստատի ՄԹ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին
- Նա կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
Մայիսի 22-23-ին Հայաստան կատարելիք իր այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցությունների համատեքստում կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
Նա կհորդորի երկու կողմերին շարունակել բովանդակային բանակցությունները՝ խաղաղ և կայուն կերպով լուծելու առկա խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակումը:
Նա նաև կնշի, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու ապրանքների և մարդկանց հոսքը Լեռնային Ղարաբաղ։
Այցին ընդառաջ՝ նախարար Դոքերթին ասել է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր ազդեցությունն է ունենում հազարավոր մարդկանց վրա, ու թեպետ մենք հումանիտար աջակցություն ենք տրամադրում, այս հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու կողմերի շարունակական և բարեխիղճ կերպով ներգրավվածությունն է բանակցություններում։
Միացյալ Թագավորությունը հանձնառու է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը ֆինանսավորում է ազատությունների պաշտպանությանն ու բարեկեցության խթանմանը միտված ծրագրեր:
Երևանում գտնվելու ընթացքում նախարար Դոքերթին կվերահաստատի Միացյալ Թագավորության տևական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը։ Վարչապետի և Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ընթացքում նա կքննարկի նաև անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև առևտրային կապերի խթանման հնարավորությունները։
Նա կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում, ինչպես նաև կընդգծի երկու երկրների տնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը։
Ի հավելումն, նախարար Դոքերթին հանդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի պատգամավորների և էկոնոմիկայի նախարարի հետ։ Նա կզրուցի քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի, ներառյալ՝ բրիտանական կապեր ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարը կքննարկի ՄԹ-Հայաստան առևտրային կապերի ամրապնդման և երկու երկրների տնտեսական զարգացման հնարավորությունները։
Նախարար Դոքերթին կծանոթանա ՀՀ Ազգային ժողովում հիմնված «Հետազոտական և վերապատրաստման կենտրոնի» և Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերին։ Վերջիններս Բրիտանական կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերի մաս են կազմում։ 2022թ․ Միացյալ Թագավորությունը գրեթե 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ծրագրեր է ֆինանսավորել՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման օրակարգին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հումանիտար աջակցության ջանքերին նպաստելուց բացի, ՄԹ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերն աջակցում են Հայաստանի «կանաչ» զարգացման ջանքերին, ապատեղեկատվության դեմ պայքարին՝ խթանելով ԶԼՄ-ների ինքնակարգավորումը և պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտի կարգավորման գործում, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման խթանմանը՝ երկխոսության խրախուսման, առողջ բանավեճի և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջմղման միջոցով: